Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ինչո՞ւ Թրամփը չի մնա նախագահ

Ինչո՞ւ Թրամփը չի մնա նախագահ
21.04.2017 | 10:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ կհայտարարեն՝ կանխատեսում է պատմաբան, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, The Case for Impeachment գրքի հեղինակ Ալան Լիխտմանը, որ կանխագուշակել էր Թրամփի հաղթանակը ընտրություններում՝ գրում է Tagesanzeiger-ը: Նրա կարծիքով՝ Թրամփի համար ամենամեծ վտանգը նա ինքն է, որ 100 օրում հասցրեց զայրացնել ավելի շատ խորհրդականների, նախարարների, կառավարությունների, բիզնեսմենների և պատգամավորների, քան իր նախորդներից որևէ մեկը: Բացի այդ՝ Թրամփը ամեն օր փոխում է տեսակետը: Նա հիմնականում ոչնչից գլուխ չի հանում և չի հանդուրժում որևէ քննադատություն: Կռվում է, ստում ու երեսպաշտություն անում: Նա վարում է սիմվոլիկ քաղաքականություն, որ լայն արձագանք ունի, բայց արդյունավետ չէ՝ կարծում է Լիխտմանը:

Դոնալդ Թրամփը առավելագույնս խոցելի նախագահն է վերջին ժամանակներում: Լիխտմանի վերլուծությունը ծանրակշիռ է ոչ միայն այն պատճառով, որ նա կանխատեսել է Թրամփի ընտրության բոլոր մանրամասները, այլև այն պատճառով, որ նա 1981-ին, հակառակ բոլոր կանխատեսումների, գուշակել էր Ռոնալդ Ռեյգանի հաղթանակը Ջիմի Քարտերի նկատմամբ: Պրոֆեսորի խոսքով՝ հիմա իրավիճակը Թրամփի համար այնքան անկայուն է, որ նա Սպիտակ տնից կհեռանա մինչև իր առաջին ժամկետի ավարտը: Լիխտմանը ութ փաստարկ է բերում հօգուտ Թրամփի հրաժարականի՝ քաղաքական պաշտոնի և բիզնեսի շահերի կոնֆլիկտը, նախընտրական կապերը Ռուսաստանի հետ, իրավական վեճեր: Բայց իմպիչմենտի առավել հավանական հիմքը Լիխտմանը համարում է Թրամփի պոտենցիալ կապը Ռուսաստանի հետ: Ամենաօրիգինալը մնում է կանխատեսումը, որ Թրամփին իմպիչմենտ կհայտարարվի մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով, որը կարող է դառնալ գլոբալ տաքացումն ընդունելուց հրաժարվելը: Գուցե Ալան Լիխտմանը կատարել է իր կարիերայի առաջին սխալ կանխատեսո՞ւմը:
Ժան-Մարտին ԲՅՈՒՏՆԵՐ, Tages anzeiger


Հ.Գ. Ալան Լիխտմանի հետ հաստատ չեն համաձայնի ոչ Դոնալդ Թրամփը, ոչ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ոչ էլ կհամաձայներ Վլադիմիր Պուտինը, եթե նա իր տեսակետը հայտներ Սիրիային ու Աֆղանստանին հասցված հարվածներից առաջ: Բայց միանշանակ կհամաձայնեն ԵՄ-ում, Իրանում, անձամբ Բաշար Ասադն ու արդեն Վլադիմիր Պուտինը: Նրա ֆենոմենը ոչ թե անկանխատեսելիությունն է, այլ անկանխատեսելի արագ կոտրվելը ԱՄՆ պետական մեքենայի առաջ: Թրամփ նախագահը հերքելով առաջ է գնում Թրամփ նախագահի թեկնածուի թեզերը: Գուցե ճիշտ էին նրանք, որ ԱՄՆ ընտրական համակարգը որակում էին հնացած ու ոչժողովրդավարական, երբ ընտրիչների ձայներով կարող է հաղթել այն թեկնածուն, ով ավելի քիչ ձայներ է ստացել ընտրողներից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ